ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Բրյուսելում անցկացվող Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի վերջնական հռչակագրի ընդունումը։
Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»։
«Ոչ, ինչո՞ւ պիտի արգելափակենք: Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- ասել է ՀՀ նախագահը:
Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանն առաջ է մղում բավականին դժվար ձևակերպումներ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ադրբեջանը կարող է առաջ մղել, սակայն ո՞վ պետք է ընդունի այդ ձևակերպումները: Եվ չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք մեր հարաբերությունները»:
Նախագահ Սերժ Սարգսյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ Եվրամիությունն այդ հարցում ամբողջովին սատարում է Մինսկի խմբին: Սերժ Սարգսյանի խոսքով` հայկական կողմին սա ամբողջովին բավարարում է: