ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. «Մանկական Եվրատեսիլ–2017»–ում Հայաստանը ներկայացնող Միշան (Միքայել Գրիգորյանը) մրցույթի ֆավորիտների 1–ին եռյակում է։ Այս մասին տեղեկացնում է wiwibloggs.com կայքը` հիմք ընդունելով մրցույթի օրագրերի և հարցումների արդյունքները։
Հարցումների համաձայն`հաղթանակը կիսում են Բելառուսը ներկայացնող Հելենա Մերաաին, ով ստացել է ձայների 29,11 %–ը (9,134 ձայն)։ Երկրորդ տեղում 24.61 % –ով (7,723 ձայն) Վրաստանը ներկայացնող Գրիգոլ Կիպաշիձեն է։ Երրորդ տեղում Հայաստանի ներկայացուցիչ Միշան է` 18.69 % –ով (5,864 ձայն)։
Հարցումների արդյունքներով` 1–ին հնգյակում են հայտնվել Պոլինա Բոգուսևիչը` Ռուսաստանից և Իրինա և Յանա դուետը` Սերբիայից։
Հայաստանը ներկայացնող 9–ամյա Միշա Գրիգորյանը ծնունդով Արցախից է։ Նա միջազգային մրցույթին կներկայացնի «Բումերանգ» երգը։ Երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանն ու Արթուր Աղեկյանը։
«Մանկական Եվրատեսիլ 2017–ը» անցկացվում է "Shine Bright" («Շողա պայծառ») կարգախոսի ներքո։
2010թ.–ին «Մանկական Եվրատեսիլ 2017»–ի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը, ում շնորհիվ 2011թ.–ին «Մանկական Եվրատեսիլն» անցկացվեց Հայաստանում։