ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Թբիլիսիում հատուկ գործողություն է անցկացվում` ենթադրյալ ահաբեկիչներին ձերբակալելու համար։ Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, Թբիլիսիի Գաբրիել Սալոսկով վանականի փողոցում, որտեղ երեկ գիշերվանից Վրաստանի պետական անվտանգության հակաահաբեկչական բաժինը հատուկ գործողություն է իրականացնում, շարունակում են կրակոցներ լսվել։
Շենքում գրոհ է իրականացվում։ Կասկածյալները, ԶԼՄ–ների տվյալներով, բազմաբնակարան շենքի վեցերորդ հարկում են գտնվում։ Չհաստատված տեղեկատվության համաձայն` նրանք օտարերկրացիներ են։
Շենքին կից տարածքը շրջապատված է։ Ոստիկանական ժապավենից այն կողմ պարեկային ոստիկանության մեքենաներն են։
Մոտակայքում ապրողներն ասում են, որ իրենց չեն թողնում դուրս գալ բնակարաններից։
Կասկածյալների ձերբակալման գործողությունն իրականացվում է գիշերվանից, նրանք կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ։