ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը վաղ թե ուշ ԵՄ-ի հետ գործընկերության մասին համաձայնագիր կստորագրի, եթե անգամ Բրյուսելում նախատեսված առաջիկա հանդիպումը չկայանա, կարծում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։
Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում, արտգործնախարարների հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում։
«Համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է։ Սակայն կարճաժամկետ հեռանկարում պետք չէ արդյունքի սպասել այդ համաձայնագրից։ Արդյունքը կտեսնենք միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սաֆարյանը։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ սուրճի մրուրով գուշակություն անելու մտադրություն չունի։ Նրա խոսքով` այսօր պետք է սահմանափակվել Երևանի և Բրյուսելի պաշտոնական հայտարարություններով։
Նա նույնպես վստահ է, որ Հայաստանի իշխանությունն անպայման կստորագրի այդ համաձայնագիրը։
Վրաստանցի փորձագետ Գելա Վասաձեն կարծում է, որ Երևանի համար կարևոր ու օգտակար կլինի Բրյուսելի հետ այդ ձևաչափով համագործակցությունը։
Ավելի վաղ հայ փորձագետները նշել էին, որ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել տեխնիկական պատճառներով։ Ըստ նրանց` ԵՄ-ն չի հասցնի փաստաթուղթը մինչև նոյեմբերի 24-ը վավերացնել միության բոլոր 24 անդամ-երկրի հետ։ Նշվում էր, որ ստորագրումը կարող է հետաձգվել մինչև 2017 թվականի դեկտեմբեր կամ 2018 թվականի հունվար։
«Արևելյան գործընկերություն» ծրագիրը Եվրամիության հետ ասոցացման հեռանկար էր նախատեսում։ Ծրագրվում էր, որ Երևանը ԵՄ-ի հետ ասոցացման ու ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը կստորագրի 2013 թվականին Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ, բայց դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց, որ մտադիր է Մաքսային միությանն անդամակցել ու մասնակցել եվրասիական ինտեգրմանը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացավ 2015 թվականի հունվարին։
2015 թվականի հոկտեմբերի 12-ին, Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող նիստի ընթացքում ԵՄ-ն լիազորեց Եվրոպական խորհրդին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագրի վերաբերյալ, որը կփոխարինի ԵՄ-ի ու ՀՀ համագործակցության մասին համաձայնագիրը։

