ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի մասնակից երկրների վիճակահանությունը նոյեմբերի 20-ին կայացել է Թբիլիսիի ազգային խորհրդարանական գրադարանում միջոցառման բացման պաշտոնական արարողության ժամանակ։
Հայաստանը ներկայացնող Միշան 16 մասնակիցների թվում ելույթ կունենա չորրորդը: Շոուն կբացի Կիպրոսի ներկայացուցչուհի Նիկոլ Նիկոլաուն, իսկ այն կեզրափակի Իտալիայի ներկայացուցչուհի Մարիա Իսիդե Ֆիորեն:
Երգի մանկական տասնհինգերորդ ամենամյա մրցույթը նոյեմբերի 26-ին տեղի կունենա Թբիլիսիի Օլիմպիական պալատում:
«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակից Միշան՝ Միքայել Գրիգորյանը (նույնպես ծննդով Արցախից է) կներկայանա «Բումերանգ» երգով: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը:
9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ միասին: Փոքրիկ արցախցին 2016 թ.-ին մեր հայրենիքը ներկայացրել է մանկական «Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
«Մանկական Եվրատեսիլ 2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ Shine Bright նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից, կմասնակցեն ևս 15 երկրի ներկայացուցիչ` Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդեռլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան: