ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Իշխանությունները մեծ շուքով հայտարարեցին «Ազգ-բանակ» գաղափարախոսության շրջանակներում «Ես եմ» ծրագրի մասին: Բայց առաջին հայացքից գրավիչ թվացող ծրագիրն իր մեջ նրբություններ է պարունակում, որը ոչ բոլորին է ձեռնտու: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ես եմ» ծրագիրը, ինչպես հայտնի է, տալիս է այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորություն: Ըստ այդմ, այս ծրագրով զինծառայողը երկու շաբաթ անցկացնելու է մարտական հերթապահությունում, մեկ շաբաթ՝ զորամասում և 1 շաբաթ՝ տանը: Այս ծրագրով զինծառայողներն ամսական ստանալու են 35 հազար դրա, այժմ սովորական զինծառայողի 3500 դրամի փոխարեն, իսկ արդեն երեք տարի անց իրենց հաշվին ունենալու են 5 մլն դրամ:
«Միայն թե «Ես եմ» ծրագիրն ընտրած զինծառայողների վրա այս դրույթները տարածվելու են ծառայության վեցերորդ ամսից: Բացի այդ՝ 5 մլն դրամն էլ կարողանալու են ծախսել սահմանափակ՝ երեք ուղղությամբ՝ կրթություն, բիզնես-ծրագիր գյուղատնտեսության ոլորտում և բնակարանի ձեռքբերում»,-գրում է թերթը: