ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբի խաղացող Կիմ Գալաչյանի հուշումը Ռովշան Ակսերովի թիմին դարձել է Արսերովի ու Ալեքսանդր Դզուզի վիճաբանության պատճառ։ Խաղի տեսագրությունը հրապարակվել է YouTube ալիքում։
Ակսերովի թիմը ձմեռային սերիայում խաղում էր Ելենա Պոտանինայի թիմի դեմ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես հերթական քննարկման ժամանակ հաղորդավար Բորիս Կրյուկը նկատում է, որ Ակսերովի հետևում կանգնած Կիմ Գալաչյանը գլխով է անում ի պատասխան խաղացողների հնչեցրած վերջին վարկածի։ Գալաչյանին հեռացրեցին դահլիճից, ընդ որում՝ չհաշվելով թիմի պատասխանը։
Ակսերովի թիմի խաղացողներն ասել են, որ ոչ ոք չի տեսել Գալաչյանի հուշումը։ Կրյուկը խորհուրդ է խնդրել խաղի գիտակ Ալեքսանդր Դրուզից ու Անդրեյ Կոզլովից։ Մագիստրոսները որոշել են, որ Ակսերովի թիմը պետք է լքի սեղանն ու տեղը զիջի Պոտանինայի թիմին։
Պոտանինայի հաղթանակը զայրացրել է Ակսերովին, որը նեղացել է մագիստրոսներից, մասնավորապես` Դրուզից։ Ակսերովը մեղադրել է մագիստրոսին թիմի պարտության մեջ` հիմնավորելով իր դատողություններն այն բանով, որ «Դրուզը նրան չի սիրում» ու «նողկալի է վարվել»։
«Նրա արածը ստորություն է։ Ինձ համար նա այլևս մագիստրոս չէ, ոչ ոք էլ չէ, այդ մարդն ինձ համար գոյություն չունի»,– հայտնել է Ակսերովը` պատասխանելով լրագրողների հարցին։