ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Կանադահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ատոմ Էգոյանը մրցանակ կստանա բազում տարիների ձեռքբերումների համար (Lifetime Achievement Award)։ Այս մասին նշված է Հնդկական միջազգային կինոփառատոնի պաշտոնական կայքում։
«Մրցանակը կհանձնվի Գոայում անցկացվող 48-րդ ամենամյա փառատոնի ժամանակ։ Ինքնաբավ ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Էգոյանն իր հետքն է թողել այլընտրանքային կինեմատոգրաֆում»,- նշված է փառատոնի կայքում։
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն ռեժիսորի երեք լավագույն ֆիլմերը։ Միջոցառումը կանցկացվի նոյեմբերի 20-ից 28-ը։
Ատոմ Էգոյանը կանադահայ ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան։ Նրա արվեստում արծարծվող հիմնական թեմաներն են մարդու օտարությունն ու մեկուսացումը։ Այդ թեմաները նա բացահայտում է տեխնոլոգիաների զարգացման ու իշխանական կառույցների հետ կապ ունեցող մարդկանց կերպարների միջոցով։
Հնդկական միջազգային կինոփառատոնը (International Film Festival of India, IFFI) Ասիայի ամենամյա գլխավոր կինոփառատոներից մեկն է, որն անցկացվում է 1952 թվականից` հնդկական Գոա նահանգի ծովափնյա քաղաքներից մեկում: Կինոփառատոնը կազմակերպվում է Հնդկաստանի Հեռուստառադիոհեռարձակումների և տեղեկատվության նախարարության, Կինոփառատոների տնօրինության և Գոա նահանգի կառավարության համատեղ միջոցներով: