ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հաղորդում է shamshyan.com-ը։
Ժամը 01:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում Սևանի վարչական շրջանում բախվել են Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 40-ամյա Մովսես Գասպարյանի վարած ВАЗ 21099 մակնիշի B 037 AP 152 ՌԴ պետհամարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչ, 30-ամյա Արտակ Գևորգյանի վարած Opel Astra մակնիշի 35 MX 437 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Ծովագյուղի բնակիչ, 28-ամյա Գագիկ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Գևորգյանը, նրա մյուս ուղևորները, համագյուղացիները, 30-ամյա Գեղամ Սարգսյանը, 31-ամյա Արթուր Պետրոսյանը և ВАЗ 21099-ի վարորդ Մ. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկները: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: