Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի բլոգեր, երկու տղաների մայր Իրինա Հակոբյանը Sputnik Արեմենիայի հետ հարցազրույցում պատմեց՝ ինչպես է նրան հաջողվել մայրերի համար խոշորագույն համացանցային միություն ստեղծել՝ ավելի քան միլիորն հետևորդներով ու ինչպես է նա համատեղում կարիերան ու մայրական պարտականությունները։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։
-Իրինա, մայրերի թեման հիմա համացանցում շատ տարածված է։ Շատ մայրեր բլոգներ են վարում ու Instagram-ում են գրանցվում։ Ինչպե՞ս է ձեզ հաջողվել բոլորից առաջ ընկնել՝ ձեր անձնական էջը 267 հազար հետևորդ ունի։
— Դուք իրավացի եք։ Երբ ես 2,5 տարի առաջ մտա Երիտասարդ մայրերի ակումբ (ԵՄԱ), այդ թեման ավելի մեծ տարածում ստացավ։ Երևի դա կապված է մի թեմայի մեջ մի քանի ուղղություն ենք ներառելու մեջ։ Դա և Mamaclub-ն է, որտեղ նրանք խորհուրդներ են ստանում մասնագետներից։ Դա և ԵՄԱ — ն, որը նվիրված է երեխաների ծննդին։ Խումբ կա, որը նվիրված է ծննդաբերությունից հետո կնոջ մարմնի փոփոխություններին և այլ․․․
Բացի այդ, կա իմ անձնական էջը, որտեղ ես գրում եմ մոր սովորական կյանքին վերաբերող թեմաներով։ Մենք ընդգրկում ենք երեխաներին վերաբերող բոլոր բնագավառները, դա է մեզ առաջադար դարձնում։
Բացի այդ՝ մեր թիմը օֆլայն միջոցառումներ է անցկացնում՝ հանդիպումներ մայրերի հետ Մոսկվայում ու Ռուսաստանի այլ քաղաքներում։
-Ինչպե՞ս է առաջացել այդպիսի համայք ստեղծելու գաղափարը։
Ամեն ինչ սկսվեց իմ՝ ԵՄԱ մտնելուց հետո, որը Instagram-ի թեմատիկական էջ է, ու սկսեցի ակտիվորեն զարգացնել այն։ Երբ էջի հետևում անձ կա, այն ավելի էֆֆեկտիվ է գործում: Վերջերս մենք նաև YouTube-ում էջ բացեցինք ու հիմա զարգացնում ենք մեր ալիքը։ Մոր բոլոր թողարկումները մեծ պահանջարկ են վայելում։
-Կարծիք կա, որ կինը կամ լավ մայր լինի, կամ հաջողության հասնի կարիերայում։ Ինչպե՞ս եք հաջողացնում համդրել այդ երկու բարդ դերերը։
— Որովհետև իմ կարիերան ուղղակիորեն կապված է մայրության թեմայի հետ, թեև կրթությամբ ես իրավաբան եմ։ Եթե մենք օֆլայն միջոցառումներ ենք կազմակերպում, ապա դա մայրերի հանդիպումներ են։ Եթե երեխաների հետ կապված հարցեր են առաջանում, ապա դրանք միանգամից տեղադրում եմ բլոգում ու 267 հազար մարդ միանգամից պատրաստ է քեզ խորհուրդ տալ։ Միևնույն ժամանակ, դու կարող ես չկտրվել երեխաներից, զբոսնել նրանց հետ, շփվել։ Ես շատ ժամանակ եմ անցկացնում տանը։ Այնպես որ դա կրկնակի հաճույք է՝ աշխատանք, որը կապված է երեխաներիս հետ։
-Իսկ օգնականներ ունե՞ք։
— Անպայման։ Առանց օգնականների ես գործը գլուխ չէի բերի։ Մայրս իմ գլխավոր օգնականն է։ Երեխաները նրա հետ շատ ժամանակ են անցկացնում։
-Ձեր հետևորդների շարքում հիմնականում ռուսաստանցի մայրեր են։ Իսկ Հայաստանում ձեզ ճանաչու՞մ են։
— Ցավոք, Հայաստանում իմ բլոգի մասին քչերը գիտեն։ Բայց ես շատ կուզեի, որ մեր գործունեությունը հայ մայրերին էլ վերաբերեր, չէ որ այն շատ հետաքրքիր է։ Ես կուզենայի Հայաստան գալ ու հանդիպումներ կազմակերպել։ Բայց հիմա մեր հիմանական լսարանը Ռուսաստանից է, ըստ վիճակագրության՝ նրանց մեծ մասը Մոսկվայից են։ Բայց միաժամանակ հետզհետե մեր մասին իմանում են նաև Հայաստանում։ Այդ հարցում օգնեց YouTube-ում տեղադրված տեսանյութը, որի նկարահանման համար ես հատուկ Հայաստան էի եկել։ Արդյունքում, հայրենիքիս նվիրված մի ամբողջ թողարկում ստացվեց։
Նկարահանեցինք նաև Մեծամորը, ես ծնունդով այնտեղից եմ։ Միայն այն ժամանակ հետևորդներս իմացան՝ որտեղից եմ։ Մինչ այդ քչերը գիտեին, որ հայ եմ։ Ես վերջերս եմ իմ էջում Հակոբյան ազգանունն ավելացրել։ Հիմա հետևորդներիս ավելի հեշտ կլինի ազգությունս որոշել։ Ինչևիցե, հուսով եմ, որ շուտով կսկսենք Հայաստանի հետ համագործակցել։
- Լինելով «պրոֆեսիոնալ» մայր՝ ի՞նչ եք կարծում, ավելի լավ է երեխաներին դաստիարակել Մոսկվայում, թե՞ Երևանում։
— Երբ փոքր էի, իմ, ինչպես և շատ այլ հայ երեխաների կյանքում մեծ դեր ունեին բակերը, որտեղ հավաքվում էին ծերերն ու երեխաները։ Մենք այնտեղ խաղալիս շատ բան էինք սովորում ու զարգանում։ Վերջերս, որ գալիս եմ, առաջվա ակտվիվությունը, ցավոք, չեմ նկատում։ Փոխարենը սկսել են մանկական ակումբներ, զարգացնող կենտրոններ հայտնվել։ Ճիշտ է՝ դրանք այնդքան շատ չեն, բայց կարծում եմ՝ կավելանան, քանի որ պահանջարկ կա։ Մոսկվայում այդ առումով ավելի հեշտ է։ Քաղաքում բազմաթիվ զարգացնող կենտրոններ կան, իսկ աճող մրցակցությունը ստիպում է դրանց կատարելագործվել։ Այդ տեսակետից Մոսկվայում ավելի հեշտ է երեխա դաստիարակել։ Բայց, կարծում եմ՝ մոտ ապագայում Հայաստնում այդ ոլորտը կզարգանա, ինչը դրական տեղաշարժ կլինի հայ մայրերի համար։