ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն լքում է Մոսկվայի «Արարատը»: Ակումբի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ:
«Արարատը» Ռոմանին շնորհակալություն է հայտնում ակումբի կայացման ու ճանաչման գործում անգնահատելի ներդրման, կարևոր ու գեղեցիկ գոլերի, փորձի, առաջադիմելու ձգտման համար, որը երիտասարդ ֆուտբոլիստները ստացան մեծ վարպետի հետ աշխատելիս»,- ասվում է «Արարատ» ակումբի հայտարարությունում:
Միևնույն ժամանակ, ինքը` Պավլյուչենկոն, գրել է. «Մշտապես աջակցելու և անհանգստանալու եմ «Արարատի» համար: Ակումբի ղեկավարությունը և ես որոշում ենք կայացրել իմ պայմանագիրը խզելու վերաբերյալ երկկողմ համաձայնությամբ: Ուզում եմ ներողություն խնդրել երկրպագուներից, թիմակիցներից և բոլոր նրանցից, ովքեր ստեղծել են ու առնչություն ունեն «Արարատի հետ», մամուլում բարձրացրած այն անիմաստ աղմուկի համար, որը վերջին օրերին առաջացավ իմ անձի շուրջ: Ամեն ինչ տեղի էր ունեցել տարրական չհասկացվածության պատճառով: Այժմ բոլոր վիճահարույց հարցերը կարգավորվել են, և իմ ու ակումբի միջև այլևս ոչ մի խնդիր չկա: Մենք բաժանվում ենք որպես լավ բարեկամներ»:
Հարձակվողը նշեց, որ «Արարատում» անցկացրած ժամանակը յուրահատուկ էր ու արտասովոր: Նա համոզմունք հայտնեց, որ շուտով «Արարատը» մեծ բարձունքների կհասնի:
Պավլյուչենկոն այնքան էր մտերմացել հայերի ստեղծած «Արարատ» ակումբի հետ, որ նույնիսկ պարում էր հայկական հիթի տակ:
Ավելի վաղ հայտնում էին, որ «Արարատը» Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին մեղադրել էր առանց ակումբի թույլտվության արձակուրդի մեկնելու մեջ: Դա ակումբում առաջացած առաջին սկանդալը չէ վերջին տարվա ընթացքում: Ակումբը լքել էր նախագահ Վալերի Հովհաննիսյանը, այնուհետև գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:
Մոսկվայի հայ երիտասարդության աջակցությամբ ստեղծած «Արարատ» ակումբի կազմը համալրվեց 2017 թվականի ամռանը: Ակումբի կազմում Պավլյուչենկոն 12 խաղ է անցկացրել:
«Արարատ» ակումբի ստեղծման գաղափարը գոյություն ունի 2011 թվականից, սակայն այն կյանքի կոչել հաջողվեց միայն 2017 թվականի մարտի վերջին: