ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ներկա գտնվեց Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնում գույքի հանձման արարողությանը, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ 2017 թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվելու է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական գույք և սարքավորումներ:
Անհրաժեշտ գույքի առաջին խմբաքանակով ԱԻՆ հատուկ ջրափրկարարական ջոկատին արդեն տրամադրվել էին «Солар 555 МК» և «Корвет 500 – FISH» մոտորանավակներ:
Գույքի երկրորդ խմբաքանակը ներառել է երկուական «Солар 555 МК» և «Корвет 500 – FISH» մոտորանավակ, 5 «UAZ Patriot» մեքենա, մեկական մեքենաներ՝ նախատեսված ջրասույզների և սակրավորների համար, լուսավորություն ապահովելու լապտերներ, «OMEGA» շնչառական սարքեր, գեներատորներ, որոնողական սարքեր, 10.000 ծածկոցներ, 5000 ծալովի մահճակալներ:
Օրերս հումանիտար արձագանքման կենտրոնում փորձարկվել էին նաև 8 կվադրոցիկլները, իսկ Ռուսաստանից ժամանած մասնագետները ծանոթացրել են կվադրոցիկլների կարողություններին և բնութագրին: Ամենագնաց կվադրոցիկլները նախատեսված են բարդ ռելիեֆային պայմաներում, ճահճուտներում, ձյունածածկ և դժվարանցանելի տեղանքներում փրկարարների և գույքի արագ տեղափոխման համար:
Կենտրոնի զինումը շարունակվում է, առաջիկայում տեխնիկայի և սարքավորումների նոր խմբաքանակը կհասնի կենտրոն՝ ներառելով ինչպես հրշեջ-փրկարարական տեխնիկա, այնպես էլ՝ համապատասխան հանդերձանք: