ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ստեփանակերտցի երիտասարդ դաշնակահար Անահիտ Առուշանյանը հոկտեմբերի 22-ին մասնակցել է Կանարյան կղզիներում կայացած իսպանական ամենամյա միջազգային «Stars at Tenerife» (Տեներիֆեի աստղերը) մրցույթ-փառատոնին և արժանացել «Գրան-պրի» մրցանակի, հաղորդում է Արցախպրեսը:
Նյու-Յորքի «Լոնգ այլենդ» (Long Island) կոնսերվատորիայի առաջին կուրսում ուսանող Անահիտ Առուշանյանն ասել է, որ փառատոնին մասնակցում էր 26 երկրի ներկայացուցիչ:
«Հանդես եմ եկել Ռախմանինովի, Շոպենի, Բիզեի, Բրամսի ստեղծագործություններով և շատ ուրախ եմ, որ իմ կատարումները նման բարձր գնահատականի են արժանացել»,- ասել է դաշնակահարուհին և հավելել, որ բացի «Գրան-պրի» մրցանակից, ստացել է նաև երկու այլ մրցույթ-փառատոնների մասնակցության հրավեր:
Առուշանյանի խոսքով՝ առաջինը տեղի կունենա հունվարի 3-7-ը՝ Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում, որտեղ կկայանա հանրահայտ ռուս դաշնակահար Սավշինսկու անվան միջազգային մրցույթ-փառատոնը, իսկ երկրորդը՝ ապրիլին, Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում: