ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղերի բնակիչների համար արտոնությունները կերկարացվեն ևս երեք տարով: Այդ մասին փոփոխությունների նախագիծը («Սահմանամերձ գյուղերի սոցիալական աջակցության մասին» օրենքը) երեքշաբթի խորհրդարանում ներկայացրել է տարածքային կառավարման և զարգացման առաջին փոխնախարար Վաչե Գաբրիելյանը: Սահմանամերձ գյուղերի համար արտոնություններն ուժի մեջ են մտել 2015 թ.-ից և պետք է գործեն մինչև 2018 թ.-ը: Հիմա ենթադրվում է երկարացնել դրանք մինչև 2021թ.-ը:
Աջակցություն կստանա 37 բնակավայր՝ Ճամբարակ քաղաքը և 36 գյուղական համայնք, որտեղ վերջին տարիներին արձանագրվել են գյուղատնտեսական հողերի գնդակոծության դեպքեր: Այդ բնակավայրերում ապրում է մոտ 56 հազար մարդ:
«Կան սահմանին մոտ գյուղեր, բայց դրանց ուղղությամբ հակառակորդը չի կրակում: Դրանք անվտանգ են համարվում, նշանակում է՝ օգնության կարիք ավելի քիչ ունեն: Նման գյուղերի համար նախատեսված են աջակցության միջոցներ, թեկուզ՝ ոչ նման համալիրով»,- հավելեց փոխնախարարը:
Առաջարկվող արտոնությունները նույնն են մնացել. գազի ծախսերի 50 տոկոսը (ամսական մինչև 360 խմ սպառելու դեպքում) էլեկտրականության ծախսի 50 տոկոսը (տարեկան մինչև 1440 կՎտ): Գյուղերը, որտեղ էլեկտրականություն կա, բայց գազ չկա, լրացուցիչ աջակցություն կստանան էլեկտրաէներգիայի բացակայության հաշվին՝ մինչև 180 խմ գազին համարժեք:
Բացի այդ, այդ գյուղերում կփոխհատուցվի նաև ոռոգման ջրի վճարի 50 տոկոսը, ընդ որում՝ ինչպես անհատ գյուղացիների, այնպես էլ ձեռնարկությունների: Անմիջականորեն կրակի տակ գտնվող հողատերերին կփոխհատուցեն հողի և գույքի հարկերը: Այդ միջոցների համար պետբյուջեից կհատկացվի տարեկան մոտ 930 միլիոն դրամ: