ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան համաձայնել է բաժանվել հանրահայտ ամուսնուց` թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայաբերելով նրա փաստաբան Եվգենի Պարֆյոնովին։
Ավելի վաղ Կունցևոյի հաշտարար դատական №202 տեղամասում մեկնարկել էր նրանց ապահարզանի գործընթացը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik-ի թղթակիցը, Ջիգարխանյանի փաստաբանը լրագրողներին ասել է, որ դիտարկվելու է միայն ամուսնալուծության հարցը, գույքային հարցերը, մասնավորապես երեք բնակարանի ճակատագիրը, առանձին կլուծվեն։
Փաստաբանի խոսքով, Արմեն Ջիգարխանյանը շատ լավ է զգում իրեն։ Նա, սակայն, չի հայտնել, թե հիմա որտեղ է ապրում դերասանը։
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը խուսափել է լրագրողներից։
Տեղամասի տարածք մտած լրագրողների մեկը հայտնել է, որ նա հեռացել է ավտոմեքենայով։ Պարզվել է, որ նա հեռացել է հետևի մուտքից։
Աղմկահարույց գործընթացն անտարբեր չի թողել լրատվամիջոցներին ու հասարակ մարդկանց. տեղամասի տարածքում ասեղ գցելու տեղ չի եղել։
Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 27-ին։ Տեղամասի մամուլի քարտուղարը Sputnik-ին հայտնել է, որ հայցվորը պնդում է` հարցը դռնփակ քննարկվի։
Հիշեցնենք, որ կնոջ հետ բախումից հետո Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնացել էր 10 օր։ Հիվանդանոցում նա ասել էր, որ չգիտի` հետո ուր պետք է գնա, քանի որ ամբողջ գույքը կնոջ անունով է վերաձևակերպվել։