ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. «Աշխատող մայրերին այլևս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստա¬նում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Այս «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ըստ թերթի` փոխարենը պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար: Օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է։
«Այն կինը, որը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 18 հազար դրամ, սակայն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում է այլ դայակի աշխատավարձի 50 տոկոսը: Այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը: Այսինքն՝ այդ դայակի աշխատավարձը 110 հազար դրամ է, պետությունը վճարում է 55 հազար դրամը, մնացած գումարը վճարում է ծնողը»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Դայակի և ծնողի միջև պետք է պարտադիր պայմանագիր կնքվի, որի առկայության դեպքում միայն պետությունը կվճարի իր հասանելիքը: «ՀԺ»-ի հարցին, իսկ եթե մայրը դայակի աշխատանքի պայմանագիրը ստորագրում է սկեսրոջ հետ, սահմանափակումներ կլինե՞ն, նախարարն ասաց. «Եթե վարձու աշխատանք ձևակերպի, որևէ սահմանափակում չի լինի»:
«Նշենք նաև, որ եթե այս օրենքն ընդունվի, ապա դայակները կմտնեն հարկային դաշտ»,- գրում է թերթը: