Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրեց երթևեկության խնդրին, ինչը պիկ ժամերին բառացիորեն կաթվածահար է անում մայրաքաղաքը: Հասկանալի է, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, քաղաքաշինության հանձնաժողովի նախագահը, ոստիկանապետը և Երևանի քաղաքապետը պարտավոր են լուծել այս հրատապ խնդիրը:
Կրկին «շրջանցեցին» երևանյան խցանումների հիմնական մեղավորին
Սակայն մեկ այլ բան զարմացրեց: Մասնավորապես, կառավարության նիստի ժամանակ մայրաքաղաքի երթևեկության խցանումներում առյուծի մեղքի բաժինն ունեցող կառույցները չնշվեցին: Դրանք ապահովագրական ընկերություններ են, որոնց, ասենք, «կես-իրավասու» գործողությունների պատճառով էլ հիմնականում խցանումներ են լինում մայրաքաղաքի կարևոր մայրուղիներում:
Ցանկացած երևանյան ավտոմեքենատեր (իսկ նրանք վերջին տարիներին ավելի ու ավելի են շատանում) կհաստատի, որ հիմնականում կարևոր մայրուղիների վրա հաճախակի գերբեռնվածություն է առաջացնում այն հանգամանքը, որ ավտոմեքենաները միմյանց բախվելով, թեթև քսվելով, երբեմն ժամեր շարունակ կանգնում են ճանապարհի մեջտեղում` սպասելով ավտոապահովագրողներին:
Սովորաբար նմանատիպ իրավիճակում, եթե աշխատավայր շտապող երևանցիների բախտը բերի, մեքենաները փակում են Մյասնիկյան պողոտայի երեք գծերից մեկը, որը տանում է Նորքի զանգվածները: Եվ սա բավական է, որպեսզի երթևեկության հոսքի արագությունը նվազի առնվազն երեք-չորս անգամ:
Դե, իսկ եթե մեքենաները հանկարծ կանգնեն, այնպես որ փակեն երկու գծերը, ապա համարեք, որ «քաշված» եք: Կես կամ մեկ ժամյա ուշացումը երաշխավորված է:
Նկարագրված իրավիճակը, հավատացեք, ծանոթ է բոլոր այն երևանցիներին, որոնք մայրաքաղաքի ծայրամասերում են ապրում: Այնուամենայնիվ, դեռևս ոչ մի անգամ քաղաքապետարանում կամ խորհրդարանում, ապահովագրական ընկերությունների վատ որակի աշխատանքների վերաբերյալ որևէ միջոցառում ձեռնարկելու մասին հարցը երբեք առաջ չի քաշվել: Կառավարությունը ևս չնշեց հիմնական մեղավորներին:
Մյուս կողմից, հասկանալի է, որ ապահովագրական ընկերությունների աշխատակիցներն էլ են մարդ, և նրանք գործի բերմամբ, ամենայն հավանականությամբ, ստիպված են օրվա ընթացքում վազվզել քաղաքի փողոցներով, գրանցել, չափել, լուսանկարել և այլն:
Անհրաժեշտ է ներդնել ապահովագրողների աշխատանքի չափանիշներ և տուգանել`խախտումների դեպքում
Միայն թե երևանցիները այստեղ ի՞նչ մեղք ունեն: Գուցե խելամիտ կլիներ պարտավորեցնել ապահովագրական ընկերություններին ավելացնել այդ «արտագնա խմբերի» քանակը: Կամ էլ օրենք կամ օրենքի փոփոխություն ընդունել, որը կպարտավորեցնի ապահովագրողներին քաղաքի ցանկացած հատվածում եղած վթարի վայր հասնել, ասենք, 15 րոպեում: Դե, նաև տուգանել այն ապահովագրական ընկերությանը, որը ժամանակին չհասցրեց գրանցել պատահարը և ազատել ուղեգիծը:
Թե չէ, ի՞նչ է ստացվում: Հերիք է ավտոմեքենայի տերը մեկ սանտիմետրով տեղափոխի մեքենան (գիծն ազատելու համար), եկած ապահովագրողները հրաժարվում են հատուցել վնասը: Ահա և մեքենաները կոտրած խեղճերը կանգնած երկար սպասում են ապահովագրողին: Նրանք նյարդայնորեն զանգահարում են այն հեռախոսահամարներով, որոնց այդ ժամերին ապահովագրական գրասենյակներում սովորաբար չեն պատասխանում (ի դեպ, դա նաև միտում է): Նաև ստանում են խցանումներում կանգնած վարորդների վրդովված նկատողությունները…
Դե, ապահովագրական գրասենյակն ամեն ինչ անում է ավելի շատ գումար հավաքելու և ավելի քիչ գումար վճարելու համար, սա է նրանց աշխատանքը: Հետևաբար, նրանք բծախնդրորեն կգտնեն ամեն մի մանրուք, պատճառ, որ հաճախորդին չվճարեն: Դե, իսկ ինչու՞ չի կարելի այդ նույն ռազմավարությունը նրանց դեմ կիրառել:
Ասենք` ուշացրեցիք օրենքով սահմանված 15 րոպեում դեպքի վայր հասնելը, բարի եղիր տուգանք վճարել: Ճանապարհատրանսպորտային պատահարներ գրանցող խմբերը բավարա՞ր չեն (նրանք, արդեն, այսպես ասած, «լեզուները հանած» վազվզում են ամբողջ քաղաքով): Ավելացրեք ձեր աշխատողների և մեքենաների թիվը:
Իրականում, եթե անկեղծ լինենք, ավտոապահովագրության մասին օրենքը Հայաստանում կառուցված է այնպես, որ ապահովագրողներն հենց այնպես առասպելական գումարներ են վաստակում: Ուրեմն նրանք կարող են ավելացնել աշխատողների և մեքենաների քանակը: Չեն աղքատանա: