ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ շատ թոշակառուների սոցիալական ապահովության տարածքային բաժիններից զանգել, կանչել են ու համոզել հայտարարություններ գրել՝ իրենց կոնսաթոշակը վերահաշվարկելու՝ նվազեցնելու, և ավել գումարված գումարը հետ գանձելու վերաբերյալ:
Մասնավորապես, բոլոր այն քաղաքացիներին, որոնց աշխատանքային ստաժը հաշվարկելու համար որոշակի կասկածներ կամ խնդիրներ են առաջացել, տվել են համապատասխան բովանդակությամբ հայտարարության տեքստ, ասել են, որ արտագրեն ու ստորագրեն: Իսկ այդ հայտարարությունում նշվում է, որ մի ինչ-որ ժամանակահատվածի համար ստաժը հաշվարկելիս անհրաժեշտ են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն այդ ժամանակահատվածում թոշակառուի աշխատելու փաստը:
Թոշակառուն, իր կողմից ձեռագիր գրված ու ստորագրած հայտարարությամբ, համաձայնություն է հայտնում, որ մինչ պահանջվող հիմնավորումները ներկայացնելը, թույլատրում է, որ իր կենսաթոշակը վերահաշվարկվի՝ նվազեցվի: Այդ հայտարարությամբ թոշակառուները նաև «խնդրում» են, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կենսաթոշակի ավելի վճարված գումարը հետ գանձեն՝ իրենց ամենամսյա ստանալիք կոնսաթոշակի 30 տոկոսի չափով: Մեզ դիմած քաղաքացին նշում էր, որ միայն իրենց բաժնում՝ Արաբկիրում, մոտ 300-400 այդպիսի թոշակառուներ կան:
Այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, որը, լսելով հարցը, նշեց, որ ինքը տեղյակ չէ նման երևույթից ու խոստացավ, որ կուսումնասիրի խնդիրը և անհրաժեշտության դեպքում հանդես կգա մեկնաբանությամբ>: