ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Երևանում ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել: Երեկ ժամը 19:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ թիվ 25 հասցեի դիմաց, բախվել են Opel մակնիշի 34 MZ 615 համարանիշի և առանց համարանիշի մոտոցիկլետը, որից հետո էլ մոտոցիկլետը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 35 GC 069 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` բախումից հետո մոտոցիկլետից գետնին ընկած 2 հոգուց մեկն իրենց մոտոցիկլետին բախված Opel-ի վարորդին դանակահարել է: 3 հոգու տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները:
Փաստի առթիվ հետաքննիչը նյութեր է նախապատրաստում:
Օպերատիվորեն ժամանել է նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։