ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. ԵԱՏՄ–ի ու Իրանի հետ ազատ առևտրի գոտու շահագործումը կբարձրացնի Երևանի դերը միությունում ու տարածաշրջանում, կարծում է իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր, որ Եվրասիական տնտեսական միության ու Իրանի միջև ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրն (ԱՏԳ) առաջիկայում կստորագրվի։
«Համաձայնագիրը թույլ կտա խորացնել տնտեսական կապերը Թեհրանի ու Երևանի միջև, նաև կնպաստի Հայաստանի տարածքով Պարսից ծոցից Սև ծով ապրանքների տարանցմանը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Իսրայելյանը։
ԱՏԳ–ի մեկնարկի առաջին նշանը 2016 թվականին Հայաստանի ու Իրանի միջև վիզային ռեժիմի չեղարկումն է։ 2017 թվականին Իրանի խորհրդարանը վավերացրել է «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այն ստորագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 21–ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։
Կողմերն անում են հնարավոր ամեն բան ԱՏԳ–ի հնարավորինս արագ գործարկման համար, կարծում է Իսրայելյանը։
«Երևանը Թեհրանի համար գրավիչ է իր լայն հնարավորություններով. ԵԱՏՄ–ի անդամ երկրի համար գործում է ԵՄ արտոնյալ GSP+ սակագինը», – ասաց Իսրայելյանը։
Ստացվում է, որ իրանական ապրանքները Հայաստանի տարածքով կարճագույն ժամկետներում կարող են ԵԱՏՄ ու ԵՄ երկրների խանութներում հայտնվել։
«Ընդ որում, Թեհրանը հասկանում է, որ Երևանն ավելի վստահելի ու անվտանգ գործընկեր է, քան Բաքուն ու Անկարան», – ամփոփել է Իսրայելյանը։
Իրանական փորձագետներն ու պաշտոնյաները հաճախ են սրա մասին խոսում։ Ավելի վաղ իրանագետ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նույնպես նշել էր, որ Երևանը պետք է օգտագործի անվտանգ ու վստահելի գործընկերոջ կարգավիճակը ոչ միայն Իրանի հետ, այլ նաև տարածաշրջանի այլ ուժեղ խաղացողների հետ համագործակցության ակտիվացման համար։
Փորձագետը կարծում է, որ Հայաստանն ի տարբերություն Ադրբեջանի, բոլոր շանսերն ունի «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի կապող օղակ դառնալու։ Սակայն Իրանի հետ նախագծերի իրականացման համար անհրաժեշտ է ավարտել «Հյուսիս – Հարավ» ճանապարհի կառուցումը։
Ճանապարհը կարևոր դեր է կատարում հայ–իրանական հարաբերությունների ու Սյունիքի մարզում Ազատ տնտեսական գոտու համար, որը 32 միլիոն դոլար է պահանջում։ Հայաստանի կառավարությունը հաստատել է Մեղրիի համայնքում Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին նախագիծը օգոստոսի 3–ին։