ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Արմավիրի բնակչին մեղադրանք է առաջադրվել դանակի գործադրման սպառնալիքով ակնհայտ անչափահասին պատանդ վերցնելու, երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվում է քրեական գործը։
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը՝ քննչական կոմիտեից ներկայացնում են որոշ տվյալներ նախաքննության այս փուլում պարզված հանգամանքների վերաբերյալ։
«Ըստ նախնական քննության տվյալների՝ 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի բնակիչը գնացել է «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ կինը աշխատում է որպես դաստիարակչուհի՝ պահանջելով դուրս գալ՝ պատճառաբանելով, թե նրա հետ ցանկանում է առանձնազրույց ունենալ: Կինը հրաժարվել է կատարել տղամարդու պահանջը, ինչից հետո վերջինս հանել է դանակը և բռնություն գործադրելով՝ քարշ տալով, փորձել է նրան դուրս բերել շենքից»,-ասված է հաղորդագրության մեջ։
Տղամարդը դանակը դրել է կնոջ պարանոցին՝ փորձելով հարվածել, սակայն վերջինս բռնել է շեղբից, ապա նրանց է մոտեցել մանկապարտեզի տնօրենը։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դանակով հարվածել է տնօրենին, որի հետևանքով վերջինս վնասվածք է ստացել պարանոցի և ականջի հատվածում, այնուհետև փորձել է կնոջը բռնությամբ տանել մանկապարտեզի ննջասենյակներից մեկը, սակայն օգնության հասած ազգականը հարվածել է տղամարդուն, ինչի հետևանքով կնոջը հաջողվել է դիմել փախուստի՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Ժամը 16։30-ի սահմաններում տղամարդը պատանդ է վերցրել մանկապարտեզի ննջասենյակում գտնվող ակնհայտ անչափահասին՝ մանկահասակ երեխային՝ նրան ազատ արձակելու համար իրավապահ մարմիններից պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։