ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3 տարեկան երեխային պատանդառած Արգամ Հովիկյանին վիրահատել են։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Արմավիրի հիվանդանոցի աշխատակիցները։
«Նա հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերքերով։ Տղամարդը 2 վիրահատության է ենթարկվել՝ ստոծանու և որովայնի»,- հայտնեցին բուժաշխատողները։
Այժմ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է: Նրանց խոսքով` տղամարդու նախկին կնոջը` Լիլիթին, տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Մանկապարտեզում տեղի ունեցած հարձակման ժամանակ կինը միջին ծանրության վնասվածքներ է ստացել։ Երևան տեղափոխվելուց առաջ ամբուլատոր բուժօգնություն է ստացել Արմավիրում։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ:
Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է վնասել իրեն, բայց ոստիկանները կանխել են նրա փորձը։