ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի աշխատակիցներին ու երեքամյա տղային պատանդառած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել։ Այս մասին դեպքի վայրում աշխատող լրագրողներին հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը` հավելելով, որ ոստիկանները կանխել են նրա այդ փորձը։
Դիտարկմանը, թե մինչ պատանդների ազատ արձակումը մանկապարտեզի շենքում կրակոցներ են լսվել, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառել»։
Հայտնի է նաև, որ պատանդառուն մաքսազերծվել է ու բերման ենթարկվել ոստիկանների կողմից։ Ըստ չճշտված տեղեկությունների` պատանդառուն վիրավորում է ստացել։
Մանկապարտեզի շենքից դուրս եկած բուժաշխատողների տվյալով` շենքի ներսում երկու մարդ կան, որոնք վնասվածքներ ունեն։
«Վնասվածքները լուրջ չեն»,- ասաց նա։
Տուժածների մեկը մանկապարտեզի վարիչն է, մյուսը` դաստիարակչուհին։
Նշենք, որ Արմավիր քաղաքի մանկապարտեզներից մեկում դանակով զինված տղամարդն այսօր մոտավորապես 16։00-ի սահմանում ներխուժել էր մանկապարտեզ ու պատանդ վերցրել աշխատակիցներին և երեխաներին։