ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում (Scandinavian International Film Festival) հաղթող է ճանաչվել միանգամից 2 անվանակարգում։
Այս մասին նշված է ֆիլմի ֆեյսբուքյան էջում։ «Վերջին բնակիչը» հաղթել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում, իսկ «Լավագույն դերասան» է ճանաչվել Ալեքսանդր Խաչատրյանը։
«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա:
Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։
Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։ Վերջերս ֆիլմն ընդգրկվել է Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի «Panorama» ոչ մրցութային ծրագրում։
System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանն ավելի վաղ կոչ էր արել դիտել «Վերջին բնակիչը» ֆիլմը` նշելով, որ այն հուզական, լարված ինդի-դրամա է Արցախի ու Ադրբեջանի միջև հիմա շարունակվող հակամարտության մասին։
«Վերջին բնակիչը» ֆիլմը պատմում է գյուղի վերջին բնակչի մասին։ Գյուղը դատարկվել է արցախյան հակամարտությունից հետո։ Սակայն գլխավոր հերոսը չի կարող գյուղը լքել, քանի որ սպասում է դստեր վերադարձին, որը ջարդերից հետո հոգեբուժարանում է հայտնվել։