«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուբեն Մանուչարյանը, լինելով ՀՀ ՊՆ N զորամասում պաշտոնատար անձ, զորամասի պայմանագրային զինծառայող Հայկ Խոսրովյանի անգործությունը պարտակելու համար նրանից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել: Դեպքով սկսել են զբաղվել իրավապահները:
Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ 2016 դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ զորամասում պաշտոնատար անձ Ռուբեն Մանուչարյանը Հայկ Խոսրովյանին այլ պահանջներ է ներկայացրել, որ նա կատարի: Մասնավորապես՝ Խոսրովյանից զորամասի անձնակազմին տեղափոխող ավտոմեքենայի համար 4 հատ ձմեռային անվադող է ուզել, ինչը 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Խոսրովյանը կատարել է և 117 հազար դրամ ընդհանուր արժողությամբ 4 հատ անվադող է տրամադրել:
Իրավապահները բացահայտել են նաև, որ ՀՀ ՊՆ զորամասի պաշտոնյա Ռուբեն Մանուչարյանը նաև Ռոբերտ Զաքարյանի՝ ՊՆ զորամասում պայմանագրային զինվորական ծառայության նշանակելու գործում հրաման արձակելու համար Ռոբերտ Զաքարյանից պահանջել և ստացել է 250 հազար դրամ գումար:
Ասել է թե զորամասում պայմանագրային զինծառայողներն անգործության են մատնված, և պաշտոնատար անձինք համապատասխան գումարի դիմաց աչք են փակում այդ հանգամանքի վրա»: