ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Մի քանի շաբաթ շարունակ Նկարիչների միության տանը կցուցադրվեն 24-ամյա նկարիչ Էմմա Թումանյանի կտավները։
Նա արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս անհատական ցուցահանդեսով։ Ընդգծված շտրիխները, ազդեցիկ պատկերները, վառ գույները, շատ խորը ընկալումների արտացոլանքը Էմմայի կտավները դարձնում են ազդեցիկ ու մտապատկերում տպվող։
«Էմման շատ պատկերավոր է ներկայացնում ամեն ինչ, նա տաղանդավոր աղջիկ է և մեծ ապագա ունի»,- ցուցահանդեսի բացմանն ասաց դերասան Տիգրան Ներսիսյանը։
Գրականագետ Գայանե Աթանեսյանն էլ նշեց, որ նրա նկարներում ամենաանմեղ թեմաներից մինչև քաղաքական մոտիվներ՝ ամեն ինչ արտահայտիչ է, բուռն ապրումների ու յուրօրինակ արտահայտվելու արդյունք։
Էմմայի առաջին ցուցահանդեսը 2015 թվականին է բացվել: Ուրույն մտածելակերպով նկարչի ստեղծագործություններում գերակշռում է հայրենասիրական թեման։
Այսօրվանից արվեստասերների դատին հանձնվեց 40 կտավ: Արտասահմանյան տարբեր կազմակերպություններ արդեն առաջարկել են Էմմա Թումանյանին գործակցել իրենց հետ՝ նկարների ցուցահանդես-վաճառք կազմակերպելով արտասահմանում։