ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Ալեքսանդր Գրիգորյանը լքել է «Արարատ» մոսկովյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին նշված է ակումբի` ВКонтакте սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
«Ես որոշեցի լքել «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ի սկզբանե մենք պայմանավորվել էինք, որ ես կօգնեմ թիմին հաջողության հասնել առաջին խաղաշրջանում։ Ես իմ խնդիրը լուծեցի 100 տոկոսով։ Այդ մասին կարելի է դատել մրցաշարային աղյուսակից, որում «Արարատը» 12 միավորով առաջ է մյուսներից։ Այժմ ես ծրագրում եմ զարգանալ ու առաջ շարժվել»,- հայտարարել է Գրիգորյանը։
«Արարատի» ֆուտբոլիստներն առաջիկա խաղին կպատրաստվեն ակումբի փոխնախագահ և ավագ մարզիչ Պողոս Գալստյանի ղեկավարության ներքո։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Գրիգորյանը որակազրկվել է մրցակցի երկրպագուներին վիրավորական ժեստ ցույց տալու համար։
Գրիգորյանն «Արարատ» էր եկել Մախաչկալայի «Անժիից» այս տարվա օգոստոսի կեսին։