ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Շաբաթ օրը Մոսկվայում տեղի ունեցած հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի թաղման արարողությանը հայրենի քաղաքական էլիտայից որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի մասնակցել: Այս մասին գրում է hraparak.am-ը։
Ներկա է գտնվել միայն Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կրտսեր եղբայրը։
«Մինչդեռ հայ քաղաքական էլիտան մեծ սիրով մեկնում է երկրից երկիր՝ հարսանիքների, ծնունդների կամ այլ խնջույքների մասնակցելու»,- գրում է կայքը և հիշեցնում, որ ընդամենը վերջերս մեծ պատվիրակություն էր մեկնել Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին մասնակցելու համար։
Ի դեպ, նախագահականը ցավակցական հեռագիր էլ չհղեց Հայրապետյանի մահվան առիթով։
Լևոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին, կյանքի 68-րդ տարում։
Նա ձերբակալվել էր դեռևս 2014 թվականին ու դատապարտվել 4 տարվա ազատազրկման:
Նրա դեմ հարուցված քրեական գործի հիմքում նախկին սենատոր Իզմեստևի և նրա մոր ցուցմունքներն էին: Դրանց համաձայն՝ Հայրապետյանն Իզմեստևի մորից 700 հազար դոլար էր վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանն աջակցելու խոստումով, սակայն չէր կատարել խոստումը։
Հայրապետյանը մահացել է գաղութում, դուստրը խոսել է հոր թաղման մասին
Դատարանի վճռով Լևոն Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել 700 հազար դոլարի խարդախության մեջ։
Ծագումով արցախցի Լևոն Հայրապետյանն Արցախի ամենախոշոր ներդրողներից էր։ 16 տարի առաջ նրա տրամադրած ֆինանսական միջոցներով վերակառուցվել է 13-րդ դարի հայտնի Գանձասարի վանական համալիրը։
Նրա օգնությամբ Արցախում կառուցվել է փայտամշակման գործարան, հանգստյան գոտիներ ու դպրոց։
Լևոն Հայրապետյանը հոգացել է նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մի հատվածի շինարարության ծախսերը։ Դա այն հատվածն է, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։
7 մլն դոլար էլ տրամադրել է Մարտակերտում ջրամբարի կառուցմանը։