ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Առաջիկա ուրբաթ օրը «Առինջ մոլի» վաճառականները որոշել են բողոքի ցույց կազմակերպել ԱԺ մուտքի մոտ։ Հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Ըստ թերթի` վաճառականներին զայրացրել է այն, որ հարկայինը պահանջել է այսուհետ հաշիվ ֆակտուրա ներկայացնել` ինչ ապրանքներ են ներկրում, տեսակից և քանի հատ, ինչը նշանակում է, որ նախկինից ավելի շատ են հարկ վճարելու:
Թերթը հայտնում է, որ ուրբաթօրյա ցույցի կազմակերպման գաղափարի հետևում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։
«Տպավորություն է ստեղծվում, որ ծառուկյանական թևը մոլի աշխատակիցների միջոցով հակահարված է տալիս ՊԵԿ-ի սկսած «պատերազմին»,- գրում է թերթը և հիշեցնում, որ շուրջ մեկ ամիս առաջ ՊԵԿ-ը լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող ընկերություններում: