ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանն այս փուլում Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունի: Այս մասին այսօր ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստում։
«Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուց »,- ասել է նա։
Սարգսյանն ընդգծել է` խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- շեշտել է նախագահը:
Ըստ նրա` բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում:
«Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որևէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները»,- ասել է Սարգսյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի զինուժը երկու անգամ «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռ է կիրառել արցախյան դիրքերի ուղղությամբ: