ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի–Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղիները» ձեռք է բերել ամբողջությամբ նոր, գեղեցիկ ու հարմարավետ էլեկտրագնացք։ Այսօր Հայաստանի, և Ռուսաստանի տրանսպորտի նախարարների մասնակցությամբ ընթացավ թեստ-դրայվը Երևան–Մասիս ուղղությամբ։ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ասաց, որ երկու կողմերի միջև նոր էլեկտրագնացք ձեռքբերելու գործընթացը շատ արագ տեղի ունեցավ։
«Այս տարվա ամռանը Երևանում էր Ռուսաստանի երկաթգծի նախագահի առաջին տեղակալը։ Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նրա հանդիպման ժամանակ հարց էր դրված թարմացնել շարժակազմը։ Դրանից հետո իմ հայաստանյան գործընկեր Վահան Մարտիրոսյանը զանգահարեց ինձ և խնդրեց այդ հարցի լուծումն արագացնել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկաթգծի մեր աշխատակիցներին, որ այդքան օպերատիվ արձագանքեցին խնդրանքին»,– ասաց նա։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարը երաշխավորեց, որ նոր էլեկտրագնացքը կապահովի անվտանգ ուղևորություն։
«Այս գնացքով ուղևորությունը հաճույք կպատճառի «Հարավկովկասյան երկաթուղու» ուղևորներին»,– ասաց Սոկոլովը։
Նոր էլեկտրագնացքն ունի աղմուկի և ջերմաստիճանի բարձր իզալացում, մի վագոնից մյուսի անցման հարմարավետություն, ինչպես նաև ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց հանգիստ տեղաշարժը։ Այն ունի նաև հատված հեծանիվների կայանման համար։ Էլեկտրագնացքը բաղկացած է երկու վագոնից, նախատեսված է 129 ուղևորի համար։
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ նոր էլեկտրագնացքի հիմնական ուղղությունը կլինի Գյումրին։
«Այսօր ուղևորափոխադրումների մեծ մասը գնում է դեպի Գյումրի։ Այս գնացքն անցնում է թեստային ռեժիմ, որ հասկանանք` մեր լեռնային պայմաններում ինչ խնդիրներ է ունենալու, ինչ կարիքներ են առաջանալու, գուցե ավելի մոդեռնիզացվի գնացքը»,– ասաց նա։
Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ առաջին ուղևորությունն այս գնացքով նախատեսված է փետրվարին, բայց գուցե անակնկալ մատուցեն քաղաքացիներին ու ավելի վաղ սկսեն գործունեությունը։ Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, այն այս պահին հստակեցված չէ, բայց մի բան հաստատ է` կլինի ճկուն։
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 2008 թվականին կնքված կոնցեսիոն համաձայնագրի արդյունքում բավականաչափ ներդրումներ են իրականացվել, որոնց շնորհիվ թարմացվել են կայարաններ, էլեկտրագնացքներ։ Հայաստանից Վրաստան ուղևորահոսքերի ծավալն այս տարի արդեն իսկ գերազանցել է 50 հազարը։