ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան Հայաստանի աշակերտների համար ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադա է կազմակերպում։ Այս մասին հայտնում է կորպորացիայի մամուլի ծառայությունը:
Ավագ դպրոցի աշակերտների ընտրական փուլը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 29-ը։
Ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադան կանցկացվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա: Օլիմպիադային կարող են մասնակցել 7-11-րդ դասարանների աշակերտները:
Միջոցառման նպատակն է հայտնաբերել տաղանդավոր, խելացի և նպատակասլաց երեխաների, որոնք հետագայում կարող են աշխատել միջուկային ոլորտում։
Ընտրական փուլից հետո մասնակիցների մոտ 45%-ը կմասնակցի եզրափակիչ փուլին, որը կկայանա 2018թ. փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում: Օլիմպիադայի հաղթողները արտոնություններ կստանան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հիմնական բուհեր ընդունվելիս (մասնավորապես` Միջազգային հետազոտական միջուկային համալսարան):
Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցում են միջուկային ոլորտի մասնագետներ պատրաստելու գործում: Միջազգային պահանջներին բավարարող և ժամանակակից գիտելիքներ ունեցող որակյալ մասնագետների վերապատրաստման խնդիրն ավելի է կարևորվում Հայկական ԱԷԿ-ի արդիականացման ֆոնին:
«Ռոսատոմ» ատոմային էներգետիկայի պետական կորպորացիան միավորում է ավելի քան 400 ձեռնարկություն և գիտական հիմնարկ, այդ թվում` Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերություններն ու գիտահետազոտական կենտրոնները։ «Ռոսատոմը» առաջատար դիրք է զբաղեցնում միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում։ Ներկա պահին «Ռոսատոմը» Ռուսաստանում իրականացնում է 8 էներգաբլոկի և արտասահմանում 34 էներգաբլոկի կառուցման նախագծերը։ «Ռոսատոմը» Հայաստանի գործընկերն է Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման նախագծում, կայանն ապահովում է միջուկային վառելիքով։