ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտական մրցույթ է հայտարարել: Նա այդ մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:
Երգիչը 7 նոտա է տվել մասնակիցներին, որոնք պետք է շարունակեն այդ նոտաները և ներկայացնեն իրենց ստեղծագործությունները:
«Շատ մարդիկ ինձ հարցնում են՝ ինչպես է ծնվում երաժշտությունը, ինչպես է ծնվում երգը: Միշտ հավատացել եմ, որ դրանք գալիս են հավաքական գիտակցությունից։ Պարտադիր չէ, որ դրանք լինեն արտիստի ներսում: Ամեն երգ սկսվում է գաղափարից, հասկացությունից կամ հնչյունից»,- գրել է Թանկյանը:
Ըստ նրա`մարտահրավերը շատ պարզ է, մասնակիցները 7 նոտա ունեն սկսելու համար:
«Ձեր ստեղծագործության սկզբում պետք է լինեն հենց այս 7 նոտան: Կարող է գրել ռոք, ջազ, սիմֆոնիա… այն, ինչ կցանկանաք: Ստեղծագործությունը չպետք է գերազանցի 3 րոպեն: Մնացածը ձեր գործն է: Ես Սերժ Թանկյանն եմ, և սա իմ մարտահրավերն է: Ես ձեզ տալիս եմ 7 նոտա, դուք ինձ՝ ձեր լավագույն աշխատանքը»,- ասել է նա:
Մրցույթի վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է: Հաղթողը կստանա 5000 դոլար մրցանակ: