ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Այս տարի հունվարի 29-ին ՀՀ առաջին վարչապետ Արամ Մանուկյանի տան մոտ ՀՀ մշակույթի նախարարությունը թատերականացված ֆլեշմոբ էր կազմակերպել` պատմաճարտարապետական հուշարձան շինության պահպանության խնդիրը բարձրաձայնելու նպատակով։
3 ամսից կլրանա այս ակցիայի մեկ տարին, բայց դրական փոփոխություն չկա։
Փոխարենը քաղաքացիական «Գրադարան» նախաձեռնությունն ահազանգում է 19-20-րդ դարերի հուշարձանի կործանման մասին։
«Շենքի տանիքը քանդել են, ծածկ չունի, անձրևաջրերն ու տեղումներն ավերում են տան պատերը։ Ներսում արդեն բուսականություն է աճում, ինչի հետևանքով հիմքերը թուլանում են, խարխլվում։ Դա արդեն վկայում է վիճակի լրջության մասին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ, ճարտարապետ Ռադիկ Կարապետյանը։
Նրա խոսքով` հուշարձան–շենքն օր օրի ավելի է մոտենում իր կործանմանը։ Դրա ներկայիս վիճակում երկրաշարժի նույնիսկ ամենաթույլ ցնցումը կարող է փլուզման պատճառ դառնալ։
Շենքի ներկայիս սեփականատերն ու դրա վիճակի համար պատասխանատուն Оld City ընկերությունն է, որը պարտավորվել է վերականգնել շենքի արտաքին տեսքն ու այն դարձնել «Հին Երևան» նախագծի մաս։
Այս նախագիծը դեռ երկու տարի առաջ պետք է իրականացված լիներ, բայց ինչ–ինչ պատճառներով մնացել է առկախ։
«Մենք պոտենցիալ ներդրողի նկատմամբ ունենք բազմաթիվ պարտավորություններ, որոնք անհասկանալի պատճառներով չենք կատարում: Ունենք ներդրող, որի նկատմամբ մեր պարտավորություններն ուշացրել ենք երկու տարուց ավելի և անընդհատ պատճառաբանություններ ենք փնտրում, թե ինչու դրանք չենք անում»,- ապրիլին, կառավարության նիստում ասել էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ավելի ուշ հայտարարվեց, որ տարածքի իրացումն անավարտ է մնացել ու դարձյալ մոռացության մատնվեց։
Հիշեցնենք, որ «Հին Երևան» նախագծի ներդրողը շվեյցարահայ Վարդան Սրմաքեշյան է։ Նախագծի համաձայն` Երևանի արդեն ապամոնտաժված ու տեղում կանգուն մնացած մի քանի պատմական շենքերը պետք է վերակառուցվեն Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում։ ՀՀ առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի տունը, ըստ նախագծի, պետք է ամրացվի, ճակատային մասը` վերանորոգվի և պահպանվի։ Բայց մտահոգ քաղաքացիները վախենում են, որ հուշարձան շենքն այդքան երկար կանգուն չի մնա։
Արամի 9 հասցեում գտնվող շենքը, որտեղ ընտանիքով բնակվել է Արամ Մանուկյանը, կառուցվել է 1906 թվականին, ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Տան ճակատային մասը սև տուֆից է, ներքին պատերը` հում աղյուսից, որն իրենից ներկայացնում է հողե շաղախ:
Արդեն 1990-ականներից շենքը համարվում է վթարային: