Նելլի Դանիելյան, Sputnik.
Երևանին նվիրված սիրո խոստովանությունների ավանդույթը սկիզբ առավ խորհրդային զարթոնքի տարիներին, երբ երևանցիները սկսեցին նշել նաև իրենց սիրված Էրեբունի-Երևան տոնակատարությունը:
Բայց շարքը սկսենք, թերևս ավելի հեռվից, խորհրդային այն տարիներից, երբ Երևանի ծննդյան տոնը դեռ չէր նշվում: 1938 թ. հայկական առաջին ջազ բենդի հիմնադիր Արտեմի Այվազյանը գրեց մայրաքաղաք Երևանին ուղղված իր սրտի խոսքը՝ «Երևանում տոն է» ստեղծագործությունը: Երգի բառերը՝ հրաշալի օդի և անմահական ջրի մասին, Հովհաննես Ղուկասյանինն են:
Գևորգ Էմինի «Երևան, իմ բարի քաղաք» տողերը, խորհրդային կոմպոզիտոր Ջիվան Տեր-Թադևոսյանը համեմեց ջազային երաժշտությամբ ու երևանցիներին նվիրեց ևս մեկ ստեղծագործություն: Երգի առաջին ու թերևս ամենահայտնի կատարողը դարձավ այն ժամանակ դեռ երիտասարդ երգչուհի Բելլա Դարբինյանը:
Տարիներ անց երևանի գեղեցիկ աղջիկներին իր բանաստեղծության մեջ գովերգեց Վլադիմիր Հարությունյանը: Իսկ Առնո Բաբաջանյանի դաշնամուրային հնչյունների ներքո այն դարձավ երևանյան համերգասրահներում ու ռեստորաններում այդ տարիներին ամենից շատ կատարվող երգերից մեկը:
Խորհրդային տարիներին ծնվեց, սիրվեց ու Երևանի պաշտոնական օրհներգ դարձավ նաև հենց Էրեբունի-Երևան տոնակատարության համար Էդգար Հովհաննիսյանի գրած երաժշտությունը՝ Պարույր Սևակի խոսքերով:
Երևան դարձած Էրեբունին այսօր արդեն երևանցիները լսում են հոտնկայս: Քաղաքի օրհներգի հնչյուններն ու խոսքերը ծանոթ են բոլոր երևանցիներին:
Երևանը երգով սիրելու ավանդույթը շարունակվեց նաև Խորհրդային Հայաստանի անկումից հետո: Մութ ու ցուրտ տարիներին էլ մարդիկ ջերմանում էին այն ժամանակվա ամենահայտնի հեղինակ-կատարողների՝ Ռուբեն Հախվերդյանի ու Ֆորշի՝ քաղաքին նվիրված երգերով:
Հախվերդյանի սերը Երևանի հանդեպ արտահայտվում է նրա բազմաթիվ երգերում: Բայց «Սա Երևանն է» ստեղծագործույունը դարձել է մայրաքաղաքի ոչ պաշտոնական հիմնը:
Դե, իսկ «Երևանի գիշերներում» երգն արտացոլում է գիշերային Երևանի ողջ հմայքը՝ փողոցով անցնողների ու լուսավորված պատուհանների ներսում թաքնված մարդկանց բազում ճակատագրերով:
Հախվերդյանից տարիներ անց մեկ այլ հեղինակ-կատարող՝ Ֆորշը, Երևանին նվիրեց 90-ականներին լույս տեսած իր մի քանի ժողովածուները՝ դառնալով քաղաքային ֆոլկլյորի այն տարիների անբաժան ուղեկիցը:
«Զբոսանք Երևանով», «Երևանը մենք ենք», «Երևանյան վալս» երգերն այսօր էլ սիրված են ու արդիական:
Ու թեև այդ տարիներին Երևանին նվիրված երգերի մի ամբողջ աստղաբույլ ծնվեց, բայց կոմպոզիտոր Արմեն Մանդակունյանի «Իմ Երևան» երգը նույնպես իր կայուն տեղը գտավ երևանցիների սրտում: Միակ օթևանի, երևանցու անցողիկության ու Երևանի հավերժության մասին նրա երաժշտական փիլիսոփայությունը գնահատվեց իրենց քաղաքն անչափ սիրող երևանցիների կողմից:
Անկախացման ծանր, բայց երաժշտական առումով բեղմնավոր տարիներին հաջորդեցին անկախության առաջին ստեղծագործությունները: Դրանցից թերևս ամենաճանաչվածներն են Արմեն Մարտիրոսյանի «Ամեն բացվող առավոտ», Թաթայի «Երևանս», հայ աստղերի կատարմամբ վերջին տարիներին հնչած «Իմ սրտի մայրաքաղաք» երգերը:
Բայց ինչ սեր առանց անկեղծության: Նոր սերունդը որոշեց մայրաքաղաքի հետ իսկական սիրահարի պես վարվել՝ չշողոքորթել ու ասել ամբողջ ճշմարտությունը:
Երևանը երգով «սիրելու» ավանդույթն այսօր էլ արդիական է: Ամեն տարի, քաղաքի ծննդյան տոնին ընդառաջ մերօրյա երգահաններն առնվազն մեկ երգ են նվիրում Երևանին: Երգերը ծնվում են, երգվում, սիրվում, հիշվում կամ մոռացվում: Բայց սիրո ամենամեծ փորձությունը ժամանակն է: Բազմաթիվ երգերից տարիներ անց կմնան միայն անկեղծ խոստովանությունները: