ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը հիացած է Հայաստանով և մտադիր է մոտ ժամանակներս կրկին այստեղ գալ։ Այդ մասին Եգորյանը պատմել է Instagram–ի իր էջի ուղիղ եթերում` պատասխանելով Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչպես է անցել պատմական հայրենիք իր ուղևորությունը։
«Հիանալի էր, ինձ շատ է դուր եկել։ Այնպես որ, մոտ ժամանակներում ես կրկին Հայաստան կայցելեմ»,– հասցրեց պատասխանել Եգորյանը։
Երևանում կրկնակի օլիմպիական չեմպիոնը հանդիպեց հոր` Կարապետ Ալավերդյանի հետ, որին 17 տարի չէր տեսել: Ծնողները բաժանվել էին, երբ նա վեց տարեկան էր: Մայրն աղջկան իր ազգանունն էր տվել, քանի որ Յանայի հոր հետ պաշտոնապես չէին գրանցել իրենց միությունը:
Instagram սոցիալական ցանցում նա Երևանի տարբեր հատվածներում արված լուսանկարներ է հրապարակում: Եգորյանն այցելել է Հայաստանի տեսարժան վայրեր, ինչպես նաև լուսանկարվել Արարատի ֆոնին: