ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Արևելյան գործընկերության» ձևաչափը բարեփոխվելու է, և մասնակից երկրները ստանալու են Եվրոպական միության հետ գործակցելու հատուկ կարգավիճակ, կարծում է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազարյանը:
Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն հոկտեմբերի 11-ին առաջարկել է «Արևելյան գործընկերություն պլյուս» մոդել ներդնել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար: Դա Մաքսային միությանը, էներգետիկ միությանը, Եվրամիության թվային միությանը, Շենգենյան գոտուն միանալու և ԵՄ երկրների հետ բջջային ռոումինգի սակագները վերացնելու հնարավորություն կտա:
«Եթե այս նախաձեռնությունը դրական գնահատվի Բրյուսելում, ապա Արևելյան գործընկերության ձևաչափի բարեփոխումն անխուսափելի է»: Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ կստեղծվի նոր ձևաչափ, իսկ Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը անմիջականորեն կհամագործակցեն ԵՄ-ի հետ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ղազարյանը:
Նրա խոսքով, «Արևելյան գործընկերության» ներկայիս ձևաչափն այլևս չի համապատասխանում իրականությանը, իսկ Հայաստանի, Բելառուսի ու Ադրբեջանի մասնակցությամբ նոր դաշինքի ստեղծումն անիրատեսական է: Դրան խոչընդոտում է ոչ միայն Բաքվի և Երևանի միջև առկա հակասությունները, այլև Բրյուսելի և նշված երկրների միջև հաստատված հարաբերությունները:
Հայաստանը մտադիր է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, որը համագործակցությունը կբարձրանի նոր մակարդակի. ի տարբերություն Թբիլիսիի, Կիևի և Քիշնևի, Երևանն առաջիկայում չի ներգրավվի ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտում:
Փորձագետը նաև վստահ է, որ Հայաստանը ոչ կհաղթի և ոչ էլ կտուժի Արևելյան գործընկերության փլուզումից, քանի որ Երևանն այս ծրագրին ձևական է մասնակցում:
Արևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009թ. մայիսի 7-ին Պրահայում կայացած ԵՄ և Արևելյան գործընկեր պետությունների ղեկավարների գագաթնաժողովով, որի ընթացքում ընդունվել է համատեղ հռչակագիր:
«Արևելյան գործընկերություն» ծրագիրը Եվրամիության հետ ասոցացման հեռանկար էր նախատեսում։ Ծրագրվում էր, որ Երևանը ԵՄ-ի հետ ասոցացման ու ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը կստորագրի 2013 թվականին Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ, սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց, որ մտադիր է Մաքսային միությանն անդամակցել ու մասնակցել եվրասիական ինտեգրմանը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացավ 2015 թվականի հունվարին։
ԵՄ խորհուրդը 2015 թվականի նոյեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպման ժամանակ լիազորեց Եվրոպական հանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագրի վերաբերյալ, որը կփոխարինի գործող համաձայնագիրը ԵՄ-ի և ՀՀ-ի միջև գործընկերության ու համագործակցության մասին գործող համաձայնագրին։
Հայաստանը հույս ունի փաստաթուղթը ստորագրել Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։