ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հրդեհ է բռնկվել Գյումրու OK հանրախանութի երկրորդ հարկում, որտեղ տեղակայված է արագ սննդի կետ: Գյումրու Գարեգին Նժդեհ 7/15 հասցեում տեղակայված սուպերմարկետում գրանցված հրդեհի մասին ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչությունն ահազանգը ստացել է ՀՀ ԱԻ ՃԿԿ 15:52 և անմիջապես դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ, ապա ևս 2 օժանդակ հաշվարկ: Աշխատանքների մեջ ներգրավվել է նաև քաղաքապետարանի 2 ջրցան մեքենա:
Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց ՀՀ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը՝ շուրջ 1 ժամ տևած հրդահաշիջման աշխատանքներից հետո մեկուսացում է գրանցվել է 17:25-ին: Այս պահին դեռ հրդեհի վերջնական մարում չկա, կատարվում են հետմարման աշխատանքներ:
Ապահովության նպատակով ժողովուրդը տարհանվել է. տարածքը եղել է ծխատար գոտի, տուժածներ ու զոհեր չկան: Ըստ նախնական տվյալների հանրախանութի երկրորդ հարկի մոտ 400 քառակուսի մետր տարածքից այրվել է խոհանոցի առաստաղն ամբողջությամբ՝ մոտ 84 քառակուսի մետր տարածք, ջերմահարվել է մոտ 150 քառակուսի մետր սպասասրահ, վնասվել է խոհանոցի գույքը:
Պատճառների մասին ավելի ուշ կհրապարակի հրդեհային տեսչությունը: