ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը hոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը Արիանա Կաոիլիին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ամենայն Հայոց Հայրապետը, շնորհավորելով տաղանդավոր շախմատիստին, ընդգծել է, որ նրա հերթական հաղթանակը մեծ ուրախություն պարգևեց ամենքին՝ փառք և պատիվ հավելելով հայոց ազգին և հայրենի երկրին։ Նորին Սրբությունը նշել է, որ նման ձեռքբերումները ոգեշնչող են շախմատով հետաքրքրվող մանուկների համար, ովքեր ձգտում են նմանվել Արոնյանին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր շնորհավորանքներն է ուղղել նորապսակ զույգին՝ մաղթելով, որ Աստված ուղեկից լինի նրանց և պարգևի մշտական հաղթանակներ անձնական կյանքում և շախմատի ոլորտում:
Լևոն Արոնյանը իր հերթին շնորհակալություն հայտնելով հայրապետական գնահատանքի համար` Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել առաջիկա մրցույթների մասին։ Խոսելով արձանագրած հաջողությունների մասին՝ գրոսմայստերը շեշտել է, որ ժողովրդից ստացած սերն ու հարգանքը պետք է ջանա այսուհետ ևս վերադարձնել հաղթանակների տեսքով։