ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Այսօր ժամը 18:15-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «Opel Astra J», «Mitsubishi» բեռնատար և երկու «Volkswagen Golf» ավտոմեքենաները:
Մինչև փրկարարների հասնելը «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1996 թ. ծնված Վ. Խ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, որին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան: