ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Այս տարին, անկասկած, Լևոն Արոնյանի տարին էր, նա մի շարք խոշոր հաղթանակների հասավ, գրում է ChessBase գերմանական առցանց պարբերականը:
Իր դիրքորոշումը կայքը բացատրում է նրանով, որ Արոնյանը ՖԻԴԵ-ի հրապարակած վերջին վարկանիշում բարձրացավ երկրորդ տեղը:
«Անկասկած, Լևոն Արոնյանը «ամսվա մարդն է»: Եվ հարցը միայն նրա էպիկական հաղթանակը չէր Աշխարհի գավաթի ժամանակ, ընդ որում, իր կարիերայի ընթացքում երկրորդը: Հիանալի արդյունք է»,- գրել է պարբերականը:
Ինչպես նշում է ChessBase գերմանական պարբերականը, սեպտեմբերի 30-ին՝ բոլոր հաղթանակների վերջում Արոնյանն ամուսնացավ իր ընկերուհու` Արիանա Կաոիլիի հետ:
Սեպտեմբերի 30-ին Աշխարհի գավաթի կրկնակի չեմպիոն, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, 11 տարվա ծանոթությունից հետո, ամուսնացավ ֆիլիպինուհի, շախմատի Օկեանիայի չեմպիոնուհի Արիանա Կաոիլիի հետ: Կնքահայրը ՀՀ նախագահ և Շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանն էր:
Հայ գրոսմայստերի հաղթանակների շարքում է նաև 2017 թվականի հունիսին Նորվեգիայի Ստավենգեր քաղաքում անցկացրած շախմատի առաջնությունը, օգոստոսին Սենտ Լուիսում անցկացրած Grand Chess Tour մրցաշարը, ինչպես նաև մի քանի շաբաթ առաջ նա Վրաստանում անցկացված շախմատի աշխարհի գավաթի հաղթող դարձավ: