ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ դարձավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախկին հիմնադիր տնօրեն և Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը:
Նախագահն ընտրվեց հոկտեմբերի 7-ին հրավիրված արտահերթ համագումարում կայացած ընտրության արդյունքում: Sputnik Արմենիայի տեղեկության համաձայն` Հարություն Խաչատրյանն ընտրվեց 88 ձայնով:
Հարություն Խաչատրյանն այս տարվա սեպտեմբերին լքեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրենի, ինչպես նաև Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնները:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվում է Երևանում 2004 թվականից և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոններից մեկը:
Հարություն Խաչատրյանը ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Եվրոպական Կինոակադեմիայի ընտրող անդամ, Մովսես Խորենացի շքանշանի ասպետ, ինչպես նաև Ֆրանսիայի մշակույթի նախարարության շքանշանակիր:
Խաչատրյանն արժանացել է հեղինակավոր միջազգային մի շարք կինոփառատոնների մրցանակների:
Ռեժիսորի հայտնի ֆիլմերից են` «Կոնդ», «Պոետի վերադարձը», «Վավերագրողը», «Սահման», ինչպես նաև «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերի շարքը: