ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Վրաստանի արտգործնախարարությունը, տարածված տեղեկատվության համաձայն, չի հավատարմագրել Վրաստանում Հայաստանի նշանակած դեսպան Սերգեյ Մինասյանին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Նախարարությունը հակիրճ մեկնաբանություն է ներկայացրել այս կապակցությամբ։
«Երբ դեսպանի հետ կապված որոշում է ընդունվում, այն միշտ հանրային է լինում։ Այս թեմայի վերաբերյալ որևէ շահարկում անելը տեղին չէ», — մեջբերվում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքը։
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Կովկասի ինստիտուտի փոխտնօրենն է։
Վրաստանում Հայաստանի վերջին դեսպանը Յուրի Վարդանյանն է եղել, որն այդ պաշտոնը ստանձնել էր 2014 թվականի օգոստոսին։
Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները սկիզբ են առնում 1992 թվականի հուլիսի 17-ից։
Վրաստանի «Սակստատ» ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանը Վրաստանի առևտրային գործընկերների հիմնական տասնյակում է։
2016 թվականին երկրների միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 367,4 մլն դոլարը։ Վրաստանն անցյալ տարի Հայաստան է արտահանել ավտոմեքենաներ, էթիլային սպիրտ, պարարտանյութ, էլեկտրաէներգիա, բուժիչ և կոսմետիկ միջոցներ։