ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Բեռնափոխադրումների մաքսային կարգո ծառայությունների ոլորտում ստեղծված գերիշխող դիրք գրավող «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության ղեկավարը «Գազպրոմ Արմենիայի» նախկին գլխավոր հաշվապահ Արմեն Հունանյանն է։ Մամուլում շրջանառող լուրերն այսօր հաստատեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։
Այն, որ թե՛ ինքը և թե՛ նորաստեղծ ընկերության ղեկավարն իրենց գործունեությունը սկսել են նույն ընկերությունից, պետական եկամուտների կոմիտեի նախագահը շահերի բախման հիմք չի համարում։
«Ընկերության տնօրենն, այո՛, «Գազպրոմ Արմենիայի» նախկին հաշվապահն է, որն ունի մեծ փորձ և պատրաստակամություն է հայտնել այդ ընկերությունը ղեկավարելու։ Ինչո՞ւ չղեկավարի, միայն նրա համար, որ ինձ հետ աշխատե՞լ է նույն ընկերությունում»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց Վարդան Հարությունյանը` հորդորելով չկենտրոնանալ անձերի վրա, այլ գնահատել նրանց կատարած աշխատանքը։
Ինչ վերաբերում է աշխատանքին, ՊԵԿ նախագահը հայտնեց, որ աշխատանքի առաջին իսկ ամսում` օգոստոսին, նորաստեղծ ընկերությունն արդեն իսկ 1,8 միլիարդ դրամի ԱԱՀ-ի հարկ է վճարել: Սեպտեմբերին ՊԵԿ–ում ավելի մեծ արդյունք են ակնկալում։
«Այս ընկերությունը ստեղծվել է բեռնափոխադրողների և մանր առևտրով զբաղվողների գործառույթները համակարգելու, նրանց աշխատանքը պարզեցնելու, փաստաթղթավորում անելու, տնտեսվարողներին հնարավորություն տալու 5 տոկոսի փոխարեն 1,5 տոկոս հարկ վճարել»,– ասաց ՊԵԿ նախագահը` հավելելով, որ կարգոյով զբաղվող այլ ընկերություններ ևս կան, և տնտեսվարողները հնարավորություն ունեն իրենց ցանկալի գործընկերոջն ընտրել։
Նշենք, որ Արմեն Հունանյանի ղեկավարած «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ–ն ստեղծվել է հուլիսին և արդեն ավելի քան 2 ամիս ապրանք ներկրողների փոխարեն իրականացնում է փաստաթղթերի ձևակերպման ծառայություններ` դրա դիմաց միջնորդավճար ստանալով։