ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կփորձի լրացնել բացերը, Հայաստան-Լեհաստան հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։
«Մենք հաղթանակների կարոտ ենք, ու տղաներին մոտիվացնելու իմաստ չեմ տեսնում: Նրանք ամեն ինչ անելու են արդյունքի հասնելու համար»,- ասաց նա:
Աշխարհի 2018 թվականի ընտրական E խմբում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 5-ին վերջին հանդիպումն է անցկացնելու` սեփական հարկի տակ հյուրընկալելով խմբի առաջատար Լեհաստանի ընտրանուն:
Ընտրական խմբում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ է տարել ու համապատասխանաբար վաստակել վեց միավոր: Թիմին չհաջողվեց Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել, բայց հավաքականի մարզիչը հուսով է, որ վերջին երկու խաղում թիմին կհաջողվի ուրախացնել երկրպագուներին:
«Յուրաքանչյուր խաղում հաշվի առնելով մրցակցին` ընտրում ենք տակտիկա և կազմ: Հիմա էլ որոշակի խնդիրներ ունենք պաշտպանությունում: Բայց նրանք, ովքեր դուրս կգան խաղադաշտ, շատ լավ հասկանում են, որ մենք հաղթանակի քաղց ենք զգում ու դրան հասնելու համար ամեն ինչ կանենք»,- վստահեցրեց Պետրոսյանը:
Խոսելով մրցակցի մասին` նա նշեց, որ Լեհաստանի հավաքականն ունի բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ, բայց պարզ է, որ մրցակցի կազմում ամենավտանգավոր ֆուտբոլիստը Ռոբերտ Լևանդովսկին է։
«Լևանդովսկուն շատ դժվար է վնասազերծել: Այդ գործում կարևոր նշանակություն է ունենալու մեր ֆուտբոլիստների համագործակցությունը: Եթե ժամանակին հասան փոխօգնության, կարծում եմ` ամեն ինչ ավելի հեշտ կլինի»,- ասաց Պետրոսյանը:
Լեհաստանի հավաքականը ընտրական խմբում վաստակել է 19 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակը հյուրերին ընդհուպ կմոտեցնի 2018 թվականին Ռուսաստան մեկնելուն, որտեղ անցկացվելու է 2018 թվականի Աշխարհի առաջնությունը։
Հայաստան-Լեհաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: