ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ մեր հանդիպումը շատ արդյունավետ է եղել, և մենք քննարկել ենք հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը:
«Տեղյակ եմ հակամարտության մասին: Այն իրոք բարդ է, որի խաղաղ կարգավորման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, մենք շարունակելու ենք պարբերաբար այցելել տարածաշրջան»,- «Արցախպրեսի» հաղորդմամբ՝ ասել է Շոֆերը:
Ամերիկացի համանախագահն այսօր հանդիպել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է Մինսկի խմբի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորման և այս ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: