ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ջավախքում հարաբերական անդորր է, սպասում են հոգևորականների երկխոսությանը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ծագումով Ջավախեցի Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով ջավախահայերի և վրացի ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներին։
«Հայ և վրացի հոգևորականները պետք է որոշեն, թե երբ թույլ կտրվի տեղադրել խաչքարը»,– ասաց Շիրակ Թորոսյանը։
Այս պահին Ջավախքում, նրա խոսքով, կրքերը հանդարտ են։ Իսկ հետագա զարգացումները կախված են հոգևորականների որոշումից, որը հայտնի կդառնա առաջիկա օրերին։
«Այն եկեղեցին, որի մոտ ուզում են խաչքար տեղադրել, հունադավան է, այսինքն` վրացական հավատքի է և, հավանաբար, վտանգ են տեսնում, որ եթե խաչքար տեղադրվի, կարող է վիճարկվել եկեղեցու պատկանելության հարցը, բայց, իրականում, նման բան չկա։ Խաչքարի տեղադրման առիթը եղել է այն, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ ոսկորներ են հայտնաբերվել։ Գյուղացիները, իրավամբ համարելով, որ դա հին գերեզմանատան տարածք է, իրենց նախնյաց ոսկորներն են, վերաթաղել են այդ ոսկորները եկեղեցու բակում և որոշել են խաչքար տեղադրել»,– պատմում է Շիրակ Թորոսյանը` հավելելով, որ վրացական կողմը և եկեղեցականները դեմ են եղել խաչքարի տեղադրմանը` պատճառ բերելով եկեղեցում ընթացող վերանորոգման աշխատանքները։
Շիրակ Թորոսյանը չի բացառում, որ հրահրված բախումները սադրանքի հետևանք են` կապված հոկտեմբերի 21-ին նախանշված ՏԻՄ ընտրությունների հետ։
«Կարծում եմ՝ կան մարդիկ, որոնք այս պղտոր ջրում ձուկ որսալու հնարավորություն են տեսնում։ Իհարկե, սադրանքի նախադրյալներ կային, բայց պատահական չէ, որ դրանք չեզոքացվցին հենց ընտրությունների նախօրեին»,– ասաց Թորոսյանը։
Ինչ վերաբերում է հայ–վրացական հարաբերություններին, պատգամավորը փաստում է, որ միջպետական մակարդակում լիարժեք փոխըմբռնում կա։ Մեծացել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը, հասունանում են նաև ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության ուղիները։
Այդ ենթատեքստում Շիրակ Թորոսյանը ջավախահայերին կոչ է անում տուրք չտալ սադրանքներին և խնդրի լուծման հասնել ճիշտ փոխհարաբերությունների կառուցման միջոցով։
Հիշեցնենք, սեպտեմբերի 30-ի առավոտյան Ջավախքի Գումբուրդո գյուղի հայազգի բնակիչները փորձել էին խաչքար տեղադրել 10-րդ դարի եկեղեցու բակում, բայց իշխանությունները թույլ չէին տվել, որի արդյունքում բախում էր տեղի ունեցել ոստիկանների և գյուղացիների միջև: Գյուղ էր բերվել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակը, դեպքի վայր էր ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին։