ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը պատրաստ է համագործակցել Քրդստանի հետ ընդհուպ մինչև Էրբիլում հյուպատոսարանի բացումը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Առաջին բանը, որ քրդերը խնդրել են` Էրբիլում Հայաստանի հյուպատոսարանի բացումն է։ Երևանն արդեն պատրաստ էր հյուպատոսարան բացել, բայց դրան խանգարեց հանրաքվեն ու Իրաքի կառավարության արձագանքը»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` հայկական կողմը նույնպես պատրաստ է համագործակցել Քրդստանի հետ և այնտեղ հյուպատոսարան բացել։ Միաժամանակ, Երևանում հասկանում են, որ հյուպատոսարանի բացումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Էրբիլը Իրաքի կենտրոնական կառավարության հետ հարաբերությունները հարթելու գործընթաց սկսի։
Հյուպատոսարանի բացումն, առաջին հերթին, հայ–քրդական հարաբերությունների մեկնարկային կետ կդառնա։ Էրբիլը ցանկանում է համագործակցել Հայաստանի հետ, որը ելք ունի դեպի ԵԱՏՄ–ի բազմամիլիոնանոց շուկա։ Հայաստանի համար նույնպես ձեռնտու է գործակցել հինգ միլիոն բնակիչ ունեցող Քրդստանի հետ։
Հինգ միլիոնանոց Քրդստանն ինքնաբավ է. երկրում հացահատիկ են աճեցնում, գյուղատնտեսական մթերք, անվտանգություն են ապահովում ու Թուրքիան, ԱՄՆ–ն ու Ռուսաստանը չեն կարող այդ փաստի հետ հաշվի չնստել։
«Քրդերն Էրդողանին շնորհակալ կլինեն, եթե նա Էրբիլի դեմ ռազմական գործողություններ սկսի։ Այդ ժամանակ աշխարհի տարբեր երկրներում բնակվող քրդերը կմիավորվեն Թուրքիայի դեմ»,- ասել է Սարգսյանը։
Սակայն այդպիսի սցենարը քիչ հավանական է, Քրդստանում դրան չեն հավատում։ Չնայած Էրդողանի անկանխատեսելիությանը, նա նման քայլի չի դիմի, քրդերին այդպիսի նվեր չի անի։ Էրբիլի ու Բաղդադի հարաբերությունները չեն կարող հին սխեմային վերադառնալ, ինչպես և Արցախի ու Կատալոնիայի դեպքում։
Բոլոր այդ տարածքները հատել են անդառնալիության սահմանը։ Նույնիսկ, եթե կողմերը պայմանավորվեն, նոր հարաբերություններ կլինեն, ինքնավարության նոր մակարդակ, կարծում է հայ դեմոկրատների առաջնորդը։
Ընդ որում, նրա կարծիքով, անթույլատրելի է ինքնորոշումների շքերթը դոմինոյի էֆեկտով։ Այդ դեպքում քարտեզի փոփոխություններ տեղի կունենան, որոնք սպառնում են անկանխատեսելի բացասական հետևանքներով։