«Ты супер! Танцы» նախագծի հայ մասնակիցները` «Թռչունյաց տուն» կրթահամալիր-մանկատան սաներ Աստղիկ Մխիթարյանն ու Դավիթ Այվազյանը, քիչ առաջ առաջին անգամ ելույթ ունեցան Մոսկվայում և «Շալախո» պարեցին։ Ժյուրին նրանց պարը բարձր գնահատեց, և Աստղիկն ու Դավիթն անցան հաջորդ փուլ։
Ելույթից անմիջապես հետո նրանք Sputnik-ին պատմեցին իրենց տպավորությունների մասին։
«Չափազանց հուզված եմ, խոսքեր չկան», — ասաց Դավիթը։
«Մենք շատ էինք հուզվում, բայց կարողացանք հաղթահարել հուզմունքը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեր կողքին էին» — ասաց Աստղիկը։Դավիթն ու Աստղիկը 16 տարեկան են: Աստղիկը դեռ դպրոց է հաճախում, քանի որ 7 տարեկանում է դպրոց ընդունվել, իսկ Դավիթը սկսել է դպրոց հաճախել վեց տարեկանից: Այս տարի նա ընդունվել է Գյումրու գեղարվեստական ակադեմիայի թատերական արվեստի բաժին: Մանկատուն է եկել առաջին դասարանում, իսկ Աստղիկը «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատանն է հայտնվել հինգ տարի առաջ:
«Ты супер! Танцы» միջազգային մրցույթը, որն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik գործակալությունն ու ռադիոն, միավորել է Ռուսաստանի, ԱՊՀ-ի ու Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդավոր երեխաներին և նրանց նվիրական երազանքներն իրականացնելու հնարավորություն է տվել։
«Ты супер! Танцы» միջազգային մրցույթի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 2-ին։ Նախագծին մասնակցում են ավելի քան 140 պատանի պարող 10 երկրից։