ԵՐԵՎԱՆ, 29 Սեպտեմբեր — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Հավերժության արտացոլում» զբոսաշրջային ֆիլմը Հունաստանի Թինոս կղզում անցկացվող «Այցելություն մուսաներին» միջազգային փառատոնի շրջանակում «Հոմերոս» միջազգային մրցանակի դափնեկիր դարձավ։
«Քսենոփոն Լամպրակես հունա-եվրասիական դաշինքի նախագահը ֆիլմը հունարեն ենթագրերով ապահովելու պատրաստակամություն հայտնեց` կինոնկարը տարածելու և հետագայում անցկացվող փառատոներին ներկայացնելու համար», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ագորա-Ջորջիա» կազմակերպության ղեկավար, սցենարի հեղինակ, ռեժիսոր, ֆիլմի պրոդյուսեր Վիկտորյա Մաքսոևան։
Նրա խոսքով` ֆիլմն արժանացավ ժյուրիի նախագահ Նիկոլայ Չերկաշինի (Ռուսաստան) բարձր գնահատականին։ Ժապավենը լավագույնը ճանաչվեց Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Կանադայի, Ղրղըզստանից, Գերմանիայից ուղարկված աշխատանքների շարքում։
«Հավերժության արտացոլում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 17-ին։ Ֆիլմում ներկայացված է հայտնի հայ գրող Հովհաննես Թումանյանի փոքր հայրենիքը։ Ե՛վ Հաղպատը, որտեղ Փարաջանովը նկարահանել է իր «Նռան գույնը», և՛ Սանահինի եկեղեցին, և՛ Միկոյանի թանգարանը, և՛ Ախթալայի վանքը։
Ֆիլմի համահեղինակն է օպերատոր, բեմադրող Գարիկ Աբելյանը։ «Հավերժության արտացոլումը» նկարահանվել է Օլբանիի (Նյու Յորք) Հայ առաքելական եկեղեցու, Լոռու մարզպետի, ինչպես նաև Ալավերդու քաղաքապետի աջակցությամբ։
Ֆիլմը պատմում է նաև Թումանյանի «Անուշ» պոեմի մասին։ Սարոյին և Անուշին մարմնավորել են թբիլիսահայ դերասանուհի Լոլիտա Հովհաննիսյանն ու Լոռիում ծնված Սարգիս Ալեքսանյանը։